ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է աղբյուրը ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկությունների:
Հերթական անգամ «ok.ru» սոցիալական ցանցով վերջինս ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից։
«ՊՆ զինծառայողը 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարել է, «Վոթսափ» հավելվածով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ»,– նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ` հավելելով, որ նա նույն հավելվածով պարբերաբար կատարել է տեսազանգեր ու ուղարկել հաղորդագրություններ։
Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ ներգրավվել է որպես մեղադրյալ, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Թողնել պատասխան