Լատվիայի Հանրապետության Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

20210506_140849

Այսօր Լատվիայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, որին կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Լատվիայի Հանրապետության Սաեյման, նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ. ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով, հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ. հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն, ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով, ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ, դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ, հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին, հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ, կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։

Դիտումների քանակը: 4119
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին