Անդրկովկասում անվտանգության ապահովման երաշխիքը Ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում։ Այսօր Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք այսօր միջկառավարական հուշագիր ենք ստորագրել` կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։ Դրա իրականացումը թույլ կտա շոշափելի արդյունքի հասնել այդ զգայուն ու ակտուալ ոլորտում հետագա համագործակցության մեջ, ինչպես նաև ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր միջավայրը», — ասաց Լավրովը` ներկայացնելով Արա Այվազյանի հետ ստորագրած փաստաթղթի նպատակը։
Նա նաև նշեց, որ այս ասպարեզում Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր համագործակցությունը ՀԱՊԿ և ԱՊՀ սահմաններում։
«Բանակցությունների ընթացքում մենք փաստեցինք, որ մեր միջև ակտիվ զարգանում է քաղաքական երկխոսությունը, առաջին հերթին` ամենաբարձր մակարդակով։ Մեր երկրների ղեկավարները միայն այս տարվա ընթացքում արդեն 2 լիարժեք հանդիպում են ունեցել, 8 հեռախոսազրույց անցկացրել , 2 անգամ հանդիպել են կառավարության ղեկավարները, և իհարկե, կարգավորված են համապատասխան գերատեսչությունների ու ստորաբաժանումների միջև երկկողմ ինտենսիվ հարաբերությունները»,– ասել է Լավրովը։
Թողնել պատասխան