Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացման գծով»,- ասել Է Լավրովը։
«Բացի այդ, օրակարգում են համագործակցությունը տարածաշրջանում, կասպիական դինամիկան, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն և այլ գործընթացներ»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նախապես հայտարարվել էր, որ Մոսկվայում բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի վերջին՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Թողնել պատասխան