Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել. ՄԹ–ն ուզում է համապարփակ խաղաղություն տեսնել հնարավորինս շուտ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
Մայիսի 22-23-ը ՀՀ-ում գտնվող Լեո Դոքերթին անդրադառնալով Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] խնդրին և տարեսկզբին իր Բաքու կատարած այցին նշել է.
«Մենք միշտ հստակ ասել ենք, որ շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ ՄԹ–ն կայուն խաղաղություն է ուզում, և դրան հնարավոր է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ»,– ասաց նա` հավելելով, որ ՄԹ-ն կփորձի ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել։
Դոքերթին նաև շեշտեց, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։
«Փորձում ենք ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը։ Ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսության գործընթացը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը։ Հույս ունեմ, որ դրական ընկալում կունենա»,- ասաց Դոքերթին։
Թողնել պատասխան