Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր զեկույցը։
Նա իր զեկույցում փաստել է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակումը, ինչը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարումը ԼՂ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է ԶԼՄ-ներում և քննարկվում քաղաքական առաջնորդների կողմից։
Ինչպես նշել է ՄՔԴ-ի նախկին դատախազը, իր ներդրումն այն է, որ բացատրվի, թե ինչու դա պետք է ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանություն համարել Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի («Ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծում») համաձայն։
«Այստեղ չկան դիակիզարաններ, չկան նաև մաչետեով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների հայերի այդ խումբը մի քանի շաբաթ անց կոչնչացվի։ ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող սովը ցեղասպանության արխետիպ է, որն իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների պարտադրմամբ, որոնք ուղղված են խումբը ոչնչացնելուն»,- նշված է Օկամպոյի հայտարարության մեջ։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը նշել է, որ իր համար պատիվ էր ներդրում ունենալ` անաչառ զեկույց ներկայացնելով։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել օգնելու ցանկացած կողմի, որը ձգտում է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հայերի ոչնչացմանը։
Թողնել պատասխան