ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

PR20130828181312

Նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝

Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին:

Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար: Նշված միջազգային իրավունքի նորմը կոդիֆիկացված է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային իրավունքի հանձնաժողովի` միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին զեկույցի 8-րդ հոդվածում, որում ասվում է, որ «անձի կամ անձանց խմբի վարքագիծը դիտվում է որպես պետության արարք՝ համաձայն միջազգային իրավունքի, եթե այդ անձը կամ անձանց խումբը նման վարքագծի իրականացման ժամանակ փաստացի գործում է այդ պետության ցուցումներով, կամ ղեկավարությամբ կամ վերահսկմամբ»։ Այդպիսով օտարերկրյա տարածքում որոշակի հանձնարարություններ կատարելու համար որպես «կամավորներ» ուղարկված ֆիզիկական անձանց հակաիրավական արարքները ենթադրում են պետությունների միջազգային պատասխանատվություն:

Ադրբեջանը, հանցավոր խմբին զինելով և ուղարկելով Արցախի տարածք՝ լրտեսության և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, միջազգային պատասխանատվություն է կրում խմբի կողմից Արցախի տարածքում իրականացված բոլոր հակաիրավական արարքների համար: Հուշագրում բերվում են մանրակրկիտ փաստեր, որոնք հաստատում են անօրինական զինված խմբի ուղղակի կապը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:

Հուշագրում նաև նշվում է, որ տարբեր միջազգային կազմակերպություններում, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված արշավը, որի նպատակն է աջակցություն գտնել Ասկերովի և Գուլիևի ազատ արձակման հարցում, նույնպես կարող է  դիտվել որպես Ադրբեջանի կողմից զինված խմբի հակաիրավական արարքների ճանաչման և ընդունման ապացույց:

Դիտումների քանակը: 4733
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին