Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի հայտարարությունը

belchika

2019 թ. մայիսի 12-ին Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝  հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 1992 թ. մայիսի 12-ի համաձայնագիրը վերջ դրեց արյունալի պատերազմին՝ սանձազերծված Արցախի ժողովրդի դեմ, որը պայքարում էր հանուն իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կյանքի: Սույն Համաձայնագրով հաստատված փխրուն խաղաղությունը թույլ տվեց խուսափել հետագա մարդկային կորուստներից և հիմքեր ստեղծեց խաղաղ բանակցություններ վարելու համար` ուղղված հակամարտության արդարացի և տևական կարգավորման ուղիներ փնտրելուն:

Միևնույն ժամանակ հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում այն մասին, որ անցած 25 տարիների ընթացքում ոչ մի շոշափելի առաջընթաց չի արձանագրվել երկարատև խաղաղության հաստատման շուրջ համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին, ինչի ապացույցն է  2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված  լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը:

Բարեկամության խմբի անդամները ընդգծում են, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաև նշում են հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության և սահմանին տիրող իրավիճակի վերահսկման միջազգային  մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:

«Համոզված ենք, որ բուն արդյունավետ խաղաղ գործընթացին հասնելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն հաստատել Արցախի ժողովրդի հետ և ապահովվել Կրակի դադարեցման մասին Համաձայնագրի մասնակիցներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտումների քանակը: 4671
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին