Միրզոյանն առաջարկեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

ԱԳՆ ՄԱԿ

Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է։ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանական զորքերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի հիմնական ճանապարհները, որի պատճառով հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին»,– նշեց Միրզոյանը։

Նա հայտնեց, որ մոտ 10 հազար մարդ է տեղահանվել, այդ թվում` կանայք, երեխաներ ու տարեցներ։ Նրանք ստիպված են մնալ բացօթյա պայմաններում` առանց սննդի և տարրական պայմանների, հազարավոր ընտանիքներ բաժանված են։ Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10-ամսյա շրջափակման հետևանքով, առողջապահական համակարգը պարալիզացված է, հիվանդանոցները չունեն էլեկտրաէներգիա, և դեղորայքի ծանրագույն պակաս կա։ Մարդիկ զրկված են անգամ առաջին բուժօգնություն ստանալու իրավունքից, շտապօգնության մեքենաները վառելիք չունեն, չեն կարողանում վիրավորներին հիվանդանոցներ հասցնել։

«Լեռնային Ղարաբաղից ստացված կադրերն իսկապես ցնցող են. կանայք, երեխաները, տարեցները մնացել են առանց կացարանի և սննդի, մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում` վախենալով, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել նրանց ամուսիններին։ Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր` 21-րդ դարում, միջազգային հանրության աչքի առաջ»,– ասաց Միրզոյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց` Ադրբեջանի աչքերում Լեռնային Ղարաբաղի երեխաներն ահաբեկիչներ են, և Ադրբեջանի գործողությունները` հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանին և անօդաչուներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների ու տատիկ–պապիկների դեմ։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց` երկար ժամանակ է, ինչ հայկական կողմն ահազանգում էր, որ կարող է նման բան լինել, սակայն միջազգային հանրությունը հրաժարվում էր բավարար լրջությամբ վերաբերվել հարցին։ Մինչդեռ ներկայիս ագրեսիան Լաչինի միջացքի` 10 ամիս շարունակված շրջափակման և հարկադիր սովամահության գագաթնակետն է։

«Ադրբեջանը ագրեսիան ծավալել է բարբարոսաբար` դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակիչներին ու ենթակառուցվածքները, սա այս ողբերգության վերջին արարն էր, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարկադիր տեղահանությունն է»,– հայտարարեց Միրզոյանը։

Նա հավելեց, որ երբ Հայաստանի խնդրանքով Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ հրավիրվեց, խորհուրդը համարժեք չարձագանքեց։ Խորհուրդը համարժեք չարձագանքեց նաև, երբ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի փետրվարի 22-ին և հուլիսի 6–ին իրավականորեն պարտադիր որոշումներ ընդունեց, և դրանք չհարգվեցին Ադրբեջանի կողմից։ Միջազգային հանրությունը չձեռնարկեց համարժեք միջոցներ, երբ ապրիլին Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, ապա նաև սկսեց մարդկանց առևանգել։

«Երբ Հայաստանը կոչ արեց ՄԱԿ–ի ԱԽ ևս մեկ հրատապ նիստ գումարել 2023 թվականի օգոստոսին` զգուշացնելով, որ անվտանգության և մարդասիրական իրավիճակը փխրուն է, և կոչ անելով խորհրդին` իր գործիքակազմի միջոցով լուծել բոլոր խնդիրները և մոռացության չմատնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց»,– հայտարարեց Արարատ Միրզոյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց` հիմա ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել։

Նա հավելեց` Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի որևէ ներկայություն չկա։ Ըստ նրա` այդ մեղադրանքներով որոշ սուբյեկտներ փորձում են Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ։

Միրզոյանը շեշտեց` անգամ այս իրավիճակում պետությունների ներկայացուցիչները շարունակում են կողմերին կոչեր անել, մինչդեռ չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր։

ՀՀ ԱԳ նախարարը դիմեց ՄԱԿ–ի ԱԽ անդամներին` կոչ անելով դատապարտել մարտական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը, պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից բխող պարտավորությունների լիարժեք իրականացում, անմիջապես տեղակայել ՄԱԿ–ի միջգերատեսչական առաքելություն Լեռնային Ղարաբաղում, ապահովել ՄԱԿ–ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հասանելիությունը, ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ–ի հետ, այդ թվում` զոհվածների մարմիններն ու անհետ կորածներին հայտնաբերելու, ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև տեղահանված անձանց վերադարձն իրենց տներ։

Դիտումների քանակը: 4042
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին