ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ազդեցությունը երեխաների վրա։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ընդգծվել է, որ շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ խափանելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։
«Լեռնային Ղարաբաղը շրջափակելով` Ադրբեջանը կոպտորեն խախտում է ավելի քան 30000 երեխաների հիմնարար իրավունքները և նպատակ է հետապնդում նրանց ու նրանց ընտանիքների կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնարին դարձնել»,- նշել է աղբյուրը։
Կարևորելով հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության հարցում UNICEF-գործառույթները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ահագնացող հումանիտար ճգնաժամը պահանջում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անմիջական ներգրավվածությունը՝ երեխաների առաջնային կարիքները հոգալու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով։
Թողնել պատասխան