Ադրբեջանն արգելանքի է վերցրել 68-ամյա քաղաքացու. Ներսիսյան

Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է Գուրգեն Ներսիսյանը։

«Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների»,– գրել է վերջինս։

Նույն երթով ՀՀ տեղափոխվող քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։

Ներսիսյանը նշել է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ–ի միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացը և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին։ Սա, ըստ նրա, հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անցնելու մտավախություն։

«Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները։ Այս ամենը ցանկացած գնով պետք է կանխվի»,– ընդգծել է նա։

Ներսիսյանը հայ ժողովրդին կոչ է արել արթնանալ ու դեմ կանգնել այս ամենին։

Րոպեներ անց Արցախի ՄԻՊ-ը գրել է.

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։

Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման են ենթարկել Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործությունների համար»։

Դիտումների քանակը: 3922
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին