Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Այս տարի օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո:
ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի շնորհավորանքն օրվա առթիվ.
«Թանգարանների միջազգային օրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր գիտակցում ու արժեվորում են թանգարանների դերը մշակութային արժեքների պահպանման, փոխանցման ու նոր արժեքների ստեղծման կարևոր գործընթացում: Այս օրը տոն է արվեստը գնահատողների, գեղեցիկով ու վեհով հիացողների համար: Այս օրն, իհարկե, տոն է թանգարանների աշխատակիցների, թանգարանային գործի գիտակների համար, ում աշխատանքի ու նվիրումի շնորհիվ թանգարաններն այցելուների առաջ բացում են իրենց մեջ ամփոփած բոլոր գաղտնիքներն ու գայթակղությունները: Թանգարանը կախարդական միջավայր է, ուր մեկ անգամ հայտնվելով՝ անվերջ վերադառնալու ցանկություն է առաջանում: Եկեք չզրկենք մեզ թանգարաններ այցելելու հաճույքից:
Շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր թանգարանները լեփ-լեցուն լինեն այցելուներով, իսկ այցելուները թանգարաններից հեռանան վառ ու անմոռանալի տպավորություններով:»
Թողնել պատասխան