Մեր փոխանակումները եղել են անկեղծ, բաց և միտված արդյունքին։ Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հինգերորդ եռակողմ հանդիպումից հետո հայտնել է Միշելը` հավելելով, որ մարդասիրական հարցերի շուրջ ևս համաձայնություն է ձեռք բերվել և կալանավորված զինվորներն ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
«Ես նաև ընդգծեցի փոխըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, որոնք պարզապես մոլորվել ու մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը»,- ասված է Միշելի խոսքում։
Միշելը նաև նշել է, որ «մենք շարունակեցինք մեր մտքերի փոխանակումները նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ»։
«Ես խրախուսեցի Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ նպատակ ունենալով երաշխավորել այս բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին»։
«Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավվել և առաջնորդություն ցուցաբերել՝ փոխընդունելի լուծումների հասնելու համար։
ԵՄ-ն քողարկված օրակարգ չունի։ Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Մենք պայմանավորվել ենք բրյուսելյան հանդիպումներն անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին։ Եվ ինչպես արդեն հրապարակայնորեն հայտարարվել էր, մենք նույնպես շատ մոտ ապագայում կրկին կհանդիպենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ես նաև մտադիր եմ առաջնորդներին հրավիրել ևս մեկ նման հանդիպման՝ հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՔՀ երրորդ գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է Շառլ Միշելը:
Թողնել պատասխան