ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպման ժամանակ նա Ստոլտենբերգին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը Ստոլտենբերգին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Թողնել պատասխան