Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած մտքերի առնչությամբ։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ:
Այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում Բադասայանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։
«Նիկոլ Փաշինյանից պետք է սկսել, ամբողջ հրամանատարական կազմն ու բոլոր պատասխանատուներին պետք է հեռացնենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ թե որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի։ Ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնել, դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք։ Այո, նաև զենքի միջոցով»,- հայտարարել է Վահան Բադասյան լրագրողների հետ զրույցում։
Իսկ լրագրողի այն հարցին, որ նրա խոսքում սպառնալիքներ են հնչեցնում, Բադասյանն ասել էր. «Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի»:
Թողնել պատասխան