Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճը քննարկել է Շոլցի և Մակրոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճի միտումները քննարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Համաձայն աղբյուրի Շոլցը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Հավելենք, որ Փաշինյանը զրուցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և նույն հայտարարությունն արել նրա հետ զրույցում։

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը:

«Քննարկվել են Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակը: 3779
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին