Քարտերից հափշտակությունների պատճառով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Քարտերից կատարված հափշտակություններ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ երկարատև նախաքննության արդյունքում կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարչությունը պարզել է համակարգչային տեխնիկայի օգնությամբ 23 անձի բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերի հանգամանքներ, որի պատճառով էլ մեղադրանք է առաջադրվել 3 անձի նկատմամբ:

Նախաքննությունը պարզել է, որ Կապան քաղաքի երկու բնակիչ համացանցի odnoklassniki.ru կայքում կրկնօրինակել են որոշ օգտատերերի իրական էջերը և այդ էջերի միջոցով ներկայանալով իրական էջերի օգտատերերի անունից նամակագրություն են վարել վերջիններիս էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, խաբեությամբ քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խնդրել և ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները՝ քարտերի վավերապայմանները (այդ թվում` CVV կոդը), ինչպես նաև դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշիվներին փոխկապակցված հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը, որոնց միջոցով ստացել են քարտային հաշիվների գումարները տնօրինելու հնարավորություն:

«Նախաքննությամբ պարզվել է, որ ձեռք բերված քարտային տվյալները համացանցի միջոցով օգտագործելով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը քարտապանների բանկային հաշիվներից ելքագրել ու հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի գումար, իսկ երկրորդը՝ խոշոր չափերի գումար՝ դրանք փոխանցելով իրենց և իրենց հանցակցի՝ Կապան քաղաքի մեկ այլ բնակչի կողմից նախապես գրանցած և տնօրինվող «Իդրամ» և «Իզի Փեյ» հաշիվներին, ինչպես նաև վճարումներ կատարել «menu.am» ընկերությանը: Դրանից հետո հափշտակված գումարները «Իդրամ» և «Իզի Փեյ» հաշիվներից փոխանցել են իրենց կողմից տնօրինվող կամ իրենց ծանոթներին պատկանող բանկային քարտերին և կանխիկացրել դրանք», — ասված է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 38-181-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Դիտումների քանակը: 4640
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին