Քրգործով անցնող քաղաքացու մեքենայի մեջ պայթյուն է տեղի ունեցել

Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևան քաղաքում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

«Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում պայթյուն է  տեղի ունեցել և կան վիրավորներ»,- հայտնում է աղբյուրը:

Նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:

Տեղում պարզվել է, որ տարածքը ոչ թե Կոտայքի մարզի վարչական շրջանում է, այլ Երևանում, ինչի կապակցությամբ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ ոստիկանությունը  պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Գ.-ն և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Միխայել Մ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան ժամը 00:10-ի սահմաններում երթևեկել է Թևոսյան փողոցով, ապա ավտոմեքենան կայանել է նշված փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից րոպեներ անց մեքենայի սրահում դեռևս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Կարեն Գ.-ն և Միխայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 06:10-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրավոր Կարեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Mitsubishi ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, պայթյունի մի ահագին հատված, ինչպես նաև նռնակի պարագա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Միխայել Մ.-ն նախկինում եղել է դատապարտված, Կարեն Գ.-ն ևս անցնում էր մեկ այլ քրեական գործով (սպանության սպառնալիք):

Դիտումների քանակը: 3687
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին