Սիմոնյանը ԼՂ-ում տիրող իրավիճակը ներկայացրել է լեհ գործընկերոջը

Elzbieta Witek

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, ով պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններին և Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը ներկայացրել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին: Այդ մասին հայտնում են ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Սիմոնյանը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաև փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:

«Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է վերջինս:

Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալում հասցեական արձագանքներ:

Լեհ պաշտոնյան, անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին, նշել է, որ լեհերը, անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի և հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով։

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման և խաղաղության հաստատման հարցում ևս լսելի կլինի Լեհաստանի ձայնը:

Վարշավայում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ ասել է, որ հետևում են 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, ինչպես նաև քաջատեղյակ են տարածաշրջանի անվտանգային հարցերից ու, ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, լավ են պատկերացնում, թե որ երկիրն է իրականում խաղաղություն ուզում, որը՝ ոչ:

Դիտումների քանակը: 3810
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին