Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։
Նիստում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։
Նիստում որոշում է ընդունվել 2020 թվականին Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանի Հանրապետությանը և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ուզբեկստանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։
Վարչապետի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։ Կառավարության ղեկավարն այսօր կվերադառնա Երևան։
Թողնել պատասխան