Հայաստանի Ազգային ժողովի նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ նրանք առաջարկում են քրեականացնել ծնողներին սպառնալիքների, կեղծ տեղեկությունների, բռնությունների և այլնի միջոցով հարկադրանքը լքել իրենց նորածին երեխաներին:
Նա նշեց, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախարարի խոսքով` այդ արարքները կպատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: Նախագծով ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանվում այն դեպքում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս դեպքում պատիժը կլինի ազատազրկումը` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե վերոնշյալ արարքները կատարվել են կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կլինի չորսից ութ տարի ժամկետով: Բաթոյանը նաև նշեց, որ օրենսդրական այս նախաձեռնությունը կօգնի երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարին:
Թողնել պատասխան