ԱՀ ՄԻՊ-ն արձագանքել է Միշելի հայտարարությանը

Screenshot_20230530-174754_Twitter

Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։ Այդ մասին գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` արձագանքելով Շառլ Միշելի հայտարարությանը։

«Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։

Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»,- գրել է պաշտպանը։

Հավելենք, որ Շառլ Միշելն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր. «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունն այժմ վճռորոշ նշանակություն ունի։

Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքերից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերը բուժելու համար ժամանակ են պահանջում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»։

ԱՀ ՄԻՊ-ն արձագանքել է Միշելի հայտարարությանը

Դիտումների քանակը: 3735
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին