Անդրադարձել եմ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ հարցերին. Գրիգորյան

Գրիգորյան հաջիև

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է, որ մայիսի 30-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: Այդ մասին վերջինս գրառում է կատարել իր պաշտոնական ֆոյսբուքյան էջում։

«Մասնավորապես անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին: Շեշտել եմ բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից»,- տեղեկացնում է Գրիգորյանը:

Պաշտոնական Բաքուն ևս անդրադարձել է հանդիպմանը` նշելով  որ Հայաստանը կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենամեծ խնդիրը ղարաբաղյան խնդիրն է։ Բաքուն հայտնում է, որ Հայաստանն առաջարկել է հիմք ընդունել 1975 թվականի քարտեզը սահմանների սահմանազատման համար և հավելել, որ Հայաստանը երբեք չի համաձայնի իր տարածքում միջանցքի ստեղծմանը։

Համաձայն սովորության Հիքմեթ Հաջիևը մեղադրել է Հայաստանին Լեռնային Ղսրաբաղ զենք ուղարկելու հարցում։

Պաշտոնական Երևանը նման մանրամասնություններ չի հայտնել։

Հավելենք նաև, որ Արմեն Գրիգորյանը Սլովակիայից մեկնելու է Մոլդովա, որտեղ հունիսի 1-ին տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Դիտումների քանակը: 3830
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին