Դատավորի զրպարտություն տեղի չի ունեցել. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձ է կատարել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմանը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, հղում է կատարվում սույն թվականի փետրվարի 16-ին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան անձնական «Hayk Khanumyan» էջում հրապարակված գրառմանը, որում վերջինս, ներկայացնելով «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին աշխատանքից ազատելու վարչական ակտի իրավաչափության շուրջ ծագած վեճի դատական տարբեր ատյաններում քննության արդյունքները, «կասկածահարույց էր բնութագրել նշված քաղաքացիական գործով ԱՀ բարձրագույն դատական ատյանի անդամների անաչառությունն ու արդար դատաքննություն իրականացնելու կարողությունը, նշելով, որ տվյալ գործով որոշում ընդունելիս` նրանք հավանաբար գործել են իրենց դատավորի պաշտոնում առաջարկած գործիչների թելադրանքով»:

Գրառման կապակցությամբ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որը քննության է առնվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից:

«Նկատի ունենալով, որ Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան հիշյալ գրառումը առերևույթ պարունակում է դատարանի գործունեությանը միջամտելու, ինչպես նաև կոնկրետ գործը քննած դատավորներին զրպարտելու տարրեր, ուստի վերջինս հրավիրվել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին և առաջարկվել է ներկայացնել հրապարակված գործով դատարանի նկատմամբ ազդեցության, նրա կողմից կողմնակալ կամ անարդար դատական ակտ կայացնելու մասին վկայող փաստերը կամ տեղեկությունները: Վերջինս դատախազությունում տված գրավոր բացատրությամբ հայտնել է, որ ինքը նման փաստերի կամ տեղեկությունների չի տիրապետում, դատական ակտի վերաբերյալ գնահատողական եզրահանգումները արել էր՝ հաշվի առնելով նույն գործով դատական տարբեր ատյանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանում գործի դատական քննությունն իրականացրած դատավորների տարբերակված մոտեցումները, միաժամանակ պնդելով, որ դատավորներին վիրավորելու կամ զրպարտելու ցանկություն և նպատակ չի ունեցել»,- հայտնում են ԱՀ դատախազությունից` հավելելով, որ հիմք ընդունելով այդ և քրեական գործի հարուցման փուլում ձեռք բերված մյուս տեղեկությունները, հաշվի առնելով արարքը որպես զրպարտություն բնութագրելու համար անհրաժեշտ հատկանիշների ամբողջությունը, հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից որոշում է կայացվել դատարանի գործունեությանը միջամտելու հանցագործության դեպքի, ինչպես նաև Հ.Խանումյանի արարքում դատավորին զրպարտելու հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Անդրադառնալով դատական համակարգի անկախության հարցին, ԱՀ դատախազությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում հանրային ծառայողի կողմից դատական իշխանության անկախության ու հեղինակության դեմ ոտնձգող ցանկացած անպատասխանատու և անհիմն վարքագիծ ու արարք, իսկ այդպիսինները պետք է արժանանան պատշաճ արձագանքի ԱՀ-ում գործող օրենսդրական գործիքակազմի կիրառմամբ:

Դիտումների քանակը: 4229
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին