ԵԽԽՎ-ն Բերձորի միջանցքի մասին բանաձև է ընդունել. Ռուբինյան

ԵԽԽՎ ԲԱՆԱՁև

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում հստակ ասվում է, թե Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին, և բանաձևն ընդունվեց»,– գրել է Ռուբինյանը և հավելել, որ բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը։

«ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի համար»,– գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը։

ԵԽԽՎ-ն նաև կոչ է արվել Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից։

«Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահավաք այցի ընթացքում չի հրավիրվել Ադրբեջան և չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք»,– գրել է ՀՀ պաշտոնյան։

ԵԽԽՎ-ն շեշտել է, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը պարտադրված լինի լքել իրենց տներն ու համայնքները, եթե հակամարտությունը լուծում չստանա:

Դիտումների քանակը: 3800
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին