Ես առանց երկու ոտքի 2 անգամ եկել եմ մոտդ` դու հարկ չես համարել գոնե հինգ րոպե հատկացնես

MyCollages (4)

Երբ դու արդեն առանց երկու ոտքի ես, և լուրջ վտանգ կա, որ որոշ ժամանակ անց, համապատասխան պայմանների բացակայության պատճառով՝ կկորցնես նաև ձեռքերդ։
Ամեն ինչին սկսում ես նոր հայացքով նայել, ամեն ինչ ձեռք է բերում նոր իմաստ և նոր հատկություններ: Ես նորին և նորին մտովին վերադառնում եմ 1994թ. մայիսի 12, երբ Կարմրավանի երրորդ սովխոզի տարածքում պայթյունի հետևանքով զոհվել էին չորս հոգի և վիրավորվել երեքը:
Ես այդ երեք վիրավորներից մեկն էի: Վիրավորվել էի աջ ոտքից: Լինելով սպա (լեյտենանտ) սակրավոր՝ հրաժարվել եմ մնալ հոսպիտալում և վերադարձել եմ մարտադաշտ: Այդ ժամանակ չէի իմանում, որ դրանով իսկ ինձ համար շատ լուրջ խնդիրներ եմ ստեղծում: Տարիներ անց պարզվեց, որ ես պետք է մնայի այն պահին Մարտակերտի «կարուսելի» մոտ գտնվող հոսպիտալում և հետևեի, որպեսզի թղթաբանությունը ճիշտ ձևակերպվեր, այլ ոչ թե հայրենիքի նկատմամբ սիրով լցված նետվեի մարտադաշտ: Թղթի կարևորությունը ես տարիներ անց եմ հասկանում, երբ տանջվելով ծանր հիվանդությունից, հետզհետէ զրկվելով մարմնի վերջույթներից, գտնվելով բնակության համար անընդունելի պայմաններում, չունենալով հիգիենայի կանոնները պահպանելու համար պայմաններ, այդ թվում նույնիսկ տարական լոգարան ու լվացքի մեքենա` ինչը իմ պայմաններում անպատկերացնելի է, չեմ կարողանում ապացուցել, որ այն ժամանակ ես լուրջ վիրավորվել եմ:

 

Վարդան Ամիրջանյանն ու իր մայրիկը

Վարդան Ամիրջանյանն ու իր մայրիկը

Հերթական անգամ հիվանդանոցում գտնվելու ժամանակ բիժիշկը նշում է, որ պետք է համապատասխան պայմաններ լինեն, որ պահպանվեն հիգիենայի բոլոր կանոնները, բնակության տեղը հարմարեցված լինի իմ վիճակին: Եվ ամեն անգամ ես մի տեսակ ամաչում եմ: Ես չեմ կարողանում բոլորին բացատրել, թե ինչու չի ստացվում գնել իմ կյանքի պահպանման համար այդքան անհրաժեշտ դեղամիջոցները։
Ես չէի կարողանում բացատրել, թե ինչու իմ տունն այնքան վատ վիճակում է, որ ես ստիպված եմ մնալ մայրիկիս տանը, որը նույնպես գտնվում է շատ անմխիթար վիճակում:
Եվ վերջապես, ես չեմ կարողանում բացատրել, թե ոնց է դա կատարվում, որ ես արցախյան ազատամարտի սպա, առանց երկու ոտքի` վերջին հույսով, գնում եմ հանրապետության նախագահի մոտ ընդունելության, և ինքը ինձ երկրորդ անգամն էլ չի ընդունում և այնտեղից ինձ ֆուտբոլի գնդակի պես տարբեր պետական կառույցների մոտ են ուղղում։ Վերջում տրամադրում է 15 000 դրամ, թե դա է քո հասանելիքը՝ գնա:
Իսկ երկրորդ անգամ նախագահի աշխատակազմից Ավշարյանը երեսիս շպրտում է, որ «կարո՞ղ է՝ գիտես նախագահը քո համար հովանավոր է»։
Ով չի պոռթկա նման վերաբերմունքից: Պոռթկացի նաև ես: Լսելով դա՝ ես փոշմանեցի, որ եկել եմ այդ շքեղ պալատներ և, հայհոյելով նախագահ Բակո Սահակյանին, հեռացա այդտեղից:
Իհարկե, ով եմ ես, որ ինձ տրամադրեն դեղամիջոցների համար անհրաժեշտ 400 000 դրամ, էլ ինչ մնաց բնակարանային պայմանների բարելավումը: Ես ոչ նրա ճառ ասողն եմ, ոչ գովացողն եմ, ոչ սուրճ եփողը, ոչ սուրճ բերող սեղանին դնողը։
Ես ընդամենը երկու ոտքը կորցրած հաշմանդամ ազատամարտիկ եմ: Բնական է, քանի որ ես չեմ մտնում նրա մոտակա և նույնիսկ հեռավոր շրջապատի մեջ, ապա որոշների նման մի քանի անգամ չեմ ստանա ոչ բնակարան, ոչ մեքենա, ոչ էլ նույնիսկ բուժման հնարավորություն:
Այո, Բակո ջան, երկուշաբթի օրը, սեպտեմբերի 30-ին, ես նորից մեկնելու եմ Երևան՝ բուժում ստանալու ակնկալիքով։
Չնայած որ դրա համար անհրաժեշտ է մոտ կես միլիոն դրամ, իսկ ձեռքիս միայն քառասուն հազարն է:
Այ հենց դա էլ քո երկրի պատկերն է, հենց դա էլ քո երեսն է:

Վարդան Ամիրջանյանի բնակարանային պայմանները

Վարդան Ամիրջանյանի բնակարանային պայմանները

 

Վարդան Ամիրջանյանի բնակարանային պայմանները

Վարդան Ամիրջանյանի բնակարանային պայմանները

Հ.Գ. Հադրութի շրջանի Մայրամաձոր համայնքի բնակիչ Վարդան Ամիրջանյանի վիճակը լուրջ է ցանկացած իմաստով: Արցախի պաշտպանության ազատամարտիկն արդեն յոթ տարի է, ինչ առողջական լուրջ խնդիրների է բախվել: Arcakh24.info-ն դիմում է բոլոր բարեգործական հիմնադրամներին, ՀՀ Երկրապահների միությանը, ԱՀ Ազատամարտիկների Միությանը և հայցում է բոլոր անտարբեր չմնացած քաղաքացիների աջակցությունը Վարդանին օգնելու հարցում:

Դիտումների քանակը: 16528
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին