Ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ

Безымянный

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում, այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի

և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։

Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։

Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Ըստ էության, այժմ մեծ ուրախությամբ արձանագրվում է, որ զորավարժությունների հայտարարումից, մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ: Եվ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր շատ արագ և օպերատիվ կերպով արձագանքել և ստանձնել են իրենց պարտքի կատարումը հայրենիքի առաջ: Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մարտունակ են, Հայաստանի Հանրապետության հանրությունը մարտունակ է և մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում”,-ասել է Նիկոլ Փաշինյանն իր ելույթում:

Այնուհետև վարչապետը Սուրեն Պապիկյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սիսիան քաղաքում, զրուցել բնակիչների հետ: Վարչապետին են ներկայացվել Սիսիան խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը: Քաղաքապետը նշել է, որ ներկայումս շինարարության մեջ ունեն 40 թափուր աշխատատեղ՝ օրական 6 հազար դրամ աշխատավարձով: 1 միլիարդ 150 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների, շենքերի տանիքների նորոգման, ջրագծերի կառուցման աշխատանքներ: Մուծք գյուղում համայնքի համաֆինանսավորմամբ ՝ 31 միլիոն դրամով, իսկ Անգեղակոթում՝ 200 միլիոն դրամով ջրագիծ է կառուցվում:

Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Դիտումների քանակը: 3901
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին