Ֆրանսիան Արցախ է ուղարկել գեներատորներ ու արևային պանելներ

Հումանիտար

Մենք եկել ենք այստեղ՝ արտահայտելու մեր աջակցությունը, մեր համերաշխությունը, մեր բարեկամությունը: Այդ մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայից ուղարկված 10 բեռնատարներով շարասյունը ուղեկցել է Կոռնիձորի սահմանային հատված:

Փարիզի քաղաքապետը նշեց, որ պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ամենատարբեր հայացքների մարդկանց, որոնց «միավորում են Հայաստանը և Արցախը»:

«Այստեղ ենք մենք այսօր, որովհետև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը ապրիլի 24-ին դիմեց մեզ և ասաց, որ պետք է գործել, ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունները պետք է միավորվեն ու կարողանան մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին»,- ասաց Փարիզի քաղաքապետը, ապա մանրամասնեց, թե ինչով են բեռնված Կոռնիձոր հասած բեռնատարները. «Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են հիմնականում չփչացող սննդամթերք, մանկական կեր, կաթի փոշի, բայց նաև գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա ձեզ դիմադրելու»:

Ավելի վաղ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր թվիթերյան միկրոբլոգից հայտնել էր, որ Հայաստանում է` Արցախին շտապ օգնություն ցուցաբերելու համար։

«Ես Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից»,– գրել է Իդալգոն: Նա նաև նշել է, որ այս հումանիտար աղետին բախվելով՝ իրենք ԼՂ–ին շտապ օգնություն են ցուցաբերում։

«Ժամանակը սպառվում է»,– հավելել է նա։

Դիտումների քանակը: 3902
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին