Հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում. ԱՀ ԱԺ

Արցախի ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։

«Համոզված ենք, որ Արցախի և Հայաստանի հանրապետությունները, ունենալով սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերներին` պաշտպանելով մեր ազգային շահերը»,– ասված է հայտարարության մեջ։

ԱՀ խորհրդարանը նաև արձանագրում է, որ աշխարհաքաղաքական ներկա բարդ ժամանակահատվածում Ադրբեջանը փորձում է տապալել ռուս խաղաղապահ առաքելությունը, շարունակում է զավթել նորանոր տարածքներ։ Արցախը, սակայն վերահաստատում է, որ ոչ ոք և ոչինչ չի կարող իրենց զրկել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։
Արցախը շարունակելու է հետևողական լինել միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացներում։

«2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը:

Ներկա պայմաններում ՀՀ–ի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող է բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար։ Հայոց պետականության լինելիության և ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»,– նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան–Ալիև հերթական հանդիպում։

Դիտումների քանակը: 3996
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին