ՀՀ փաստաբանների պալատը պատրաստվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով ի հայտ եկած խնդիրները բարձրաձայնել իր գործընկերության հարթակներում` Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA): Այդ մասին ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքէջից։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ին վաղ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ արգելափակելով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժն Արցախ ու հակառակ ուղղությամբ:
Այս ճանապարհն արցախցիների համար կյանքի ուղի է, որը փաստացի մեկ շաբաթ է ինչ ամբողջությամբ արգելափակված է:
Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները նաև փակել էին Արցախ մտնող գազատարը և Արցախի շուրջ 120.000 բնակչությանը այս ձմեռային պայմաններում զրկել, ի թիվս այլնի, ջեռուցումից:
Ակնհայտ է, որ ճանապարհը փակող անձինք ուղղակիորեն ուղղորդվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի մասին են վկայում վերջիններիս փոխկապակցված գործողությունները:
Ադրբեջանի իշխանությունների նման սադրիչ գործողությունները հումանիտար և պարենային աղետի առաջ են կանգնեցրել Արցախի բնակչությանը: Սա Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ պետական մակարդակով քարոզվող ատելության հերթական դրսևորումն է:
Դրան զուգահեռ, այսպիսի գործելակերպը ևս մեկ վկայություն է Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության:
Փաստացի Ադրբեջանի իշխանություններն Արցախում ապրող հայերի համար միտումնավոր ստեղծում են կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, որպիսի գործողությունը, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածի համաձայն, համարվում է ցեղասպանություն:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ և միջազգային կառույցներին ու դերակատարներին կոչ է անում՝
1. Անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել անմարդկային գործողությունները դադարեցնելուն Ադրբեջանի իշխանություններին պարտադրելու ուղղությամբ,
2. Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միակ երաշխիք, որն այսպիսի պայմաններում այլընտրանք չունի»,– նշվում է փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ։
Աղբյուրից հայտնի է դարձել, որ հայտարարությունը կազմել է փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի։
Թողնել պատասխան