Կարմիր խաչի 4 վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Նման հայտարարություն է տարածել ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը։

«Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության` այդ անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։

Ընդգծվում է, որ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] երկայնքով ԿԽՄԿ աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։

«Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։ Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,–հայտնում են ԿԽՄԿ-ից։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը մեղադրել էր ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ և հայտարարել, որ Կարմիր Խաչի մեքենաներով Հայաստանից Արցախ ուղևորվող հայերը փորձել են իբր ապօրինի բեռներ փոխադրել, դրանց թվում՝ ծխախոտ, բջջային հեռախոսներ, բենզին։

Հավելենք, որ հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչև քննության ավարտը:

Դիտումների քանակը: 4378
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին