Բերձորի միջանցքի խնդիրը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ դեսպանատուն

ՀՀ ՌԴ

Լաչինի (Բերձոր) միջանցքի շուրջ իրավիճակը պետք է լուծվի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը նման կերպ է արձագանքել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակին։ Այդ մասին հայտնում է Թովմասյանը` ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով նամակի պատասխանը։

Ադրբեջանի հանցավոր վարքագծի շարունակական դրսևորումների վերաբերյալ Թագուհի Թովմասյանը պարբերաբար բարձրաձայնում է միջազգային հարթակներում, այդ թվում նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Թովմասյանի կողմից այսօրվա հրապարակման համաձայն Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուղղված նամակում վերջինիս ուշադրությունն էր հրավիրել ինչպես օգոստոսի 1-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման փաստի վրա, այնպես էլ անդրադարձել էր Բերձորի, Աղավնոյի և Սուսի խնդիրներին։ Ի պատասխան ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է լուծվի Լաչինի խնդիրը, իսկ 6-րդ կետը սահմանում է` կողմերի համաձայնությամբ, ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար։ ՌԴ դեսպանատնից հավելել են, որ իրենց գրությամբ նշված բոլոր թեմաների շուրջ անցկացվում են շահագրգիռ կողմերի քննարկումներ։

«Այդ նպատակով մենք մշտական երկխոսության մեջ ենք հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ՝ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ և այլ գերատեսչությունների մակարդակով։ Օգոստոսի 2-ին և 8-ին կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն։ Պրոբլեմի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ, նման զրույցները համարվում են կարգավորման կարևոր և գործուն գործիք»,- ասված է եղել նամակում։

Բացի այդ, ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ իրավիճակը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր հարց է։ Մասնավորապես, ուշադրություն են հրավիրել Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 4-ի հայտարարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ, որով կոչ էր արվում 2 կողմերին դրսևորել զսպվածություն, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։

«Ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը իրավիճակի կայունացման նպատակով։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում բազմիցս ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորախմբի կարևոր դերը: Համոզված են, որ այդ վստահությանը լիարժեքորեն արժանի են։ Պատրաստ ենք հետայսու ևս ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորմանը»,- նշվում է դեսպանատան արձագանքում։

Դիտումների քանակը: 3911
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին