Մարուքյանն Արցախի հարցով դիմել է միջազգային կառույցներին

Մարուքյան

Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Վերջինս մատնանշում է, որ չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ ցանկանում է ինտեգրել Լեռնային Ղարաբաղի [Արցախի Հանրապետություն] հայերին և որ նրանք իր քաղաքացիներն են, բայց շարունակում է սպանել նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները։

«Հետևաբար Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։ Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցրել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի [Արցախի Հանրապետություն] հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովի պատճառով երեխաների մահանալու դեպքեր»,– գրել է Մարուքյանը։

Նա նաև նշում է, որ այս քայլերով Ադրբեջանը կատարում է միջազգային քրեական հանցագործություն՝ ցույց տալով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։

«Դա ցույց է տալիս, որ իրականացվող քաղաքականությունը կոչված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելու, այլ Լեռնային Ղարաբաղը [Արցախի Հանրապետություն] էթնիկ զտումների ենթարկելու՝ ի վերջո թողնելով մի կտոր հող առանց ժողովրդի»,– գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան։

Դիմելով միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարական ինստիտուտներին, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղարն Էնթոնի Բլինքեն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին, Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին` Մարուքյանն ասում է, որ նրանք կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի [Արցախի Հանրապետություն] 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների սովի մատնելու, սպանությունների և էթնիկ զտումների քաղաքականությունը, կա՛մ պետք է հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային հանրության միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունները։

Մարուքյանն իր խոսքն ամփոփել է` նշելով, որ հակառակ դեպքում 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռ հնարավոր է կանխել միջազգային հանրության միջամտությամբ։

Մարուքյանն Արցախի հարցով դիմել է միջազգային կառույցներին

Դիտումների քանակը: 3858
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին