ՄԻՊ-ը ՀՀ ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել

քրիստինե գրիգորյան

Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում հունիսի 3-ի երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների դեմ հատուկ միջոցի կիրառումը պետք է մանրամասն և անաչառ քննարկման առարկա դառնա։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Ոստիկանության կողմից կիրառված առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցների օգտագործման անհրաժեշտության, համաչափության ու պիտանելիության վերաբերյալ պաշտպանն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից։

Նա արձանագրում է, որ հատուկ միջոցների կիրառումը պետք է լինի բացառիկ միջոց։ Ավելին՝ ՀՀ օրենսդրության համաձայն` ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այդ մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար։ Բացառություն են այն դեպքերը, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ։

Պաշտպանը նշել է, որ կառույցի արագ արձագանման խմբերը ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված բոլոր 11 քաղաքացիների հետ։ Քաղաքացիներից 5-ը ունեցել են տարբեր տեսակի մարմանական վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի, ծնոտի և աչքի հատվածում։

Առանձնազրույցներում քաղաքացիների հայտնած տեղեկությունների համաձայն` մի շարք դեպքերում իրենց մարմանական վնասվածքները հասցվել են արդեն իսկ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս փաստացի արգելանքի վերցրած լինելու պայմաններում։

Գրիգորյանը պահանջել է, որ նման յուրաքանչյուր դեպք պատշաճ ժամկետում իրավական գնահատականի արժանանա՝ որպես անթույլատրելի վարքագծի կանխարգելիչ նշանակության երաշխավորում։

Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են նաև ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։

Դիտումների քանակը: 3936
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին