Միացյալ Նահանգներում կարծում են, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն և պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցի շուրջ։ Այդ մասին` ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը պայմանավորված է արժանապատիվ կենսամակարդակի ապահովման համար անհրաժեշտ սննդի, դեղորայքի և այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակմամբ», — նշել է Միլլերը։
Նա կրկին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] մարդասիրական, առևտրային բեռների և ուղևորափոխադրումների համար:
«Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ապրող տղամարդկանց, կանանց և երեխաներին կենսական պաշարներ մատակարարելու ուղիները, ներառյալ մատակարարումների լրացուցիչ երթուղիները, և վերսկսեն բոլոր չլուծված հարցերի քննարկումը», — հավելել է Միլլերը։
Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները շարունակաբար համագործակցել է կողմերի հետ, որպեսզի թույլ տան, որ մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
«Հիմնական մարդասիրական օգնությունը երբեք չպետք է պատանդ լինի քաղաքական տարաձայնություններին»,- եզրափակել է պաշտոնյան։
Թողնել պատասխան