Ռուստամյանը ՀՀ ԱԺ-ում ներկայացրել է ընդդիմադիրների պահանջը

պատգամավոր

Ընդդիմադիր պատգամավորների խումբը ԱԺ նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով ընդդիմության հրապարակած հրաժարականի պահանջը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ընդդիմության ներկայացրած պահանջներին նշել է, որ «Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և դրա մասին խոստովանել է 2018թ–ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ` ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ` բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անիրատեսական ու անընդունելի են մեզ համար, և Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին` ասելով, որ այլևս երկար ժամանակով մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը»։

Նրա խոսքով՝ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները. «Այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելուն, Փաշինյանը Ռուստամյանին ասաց. «Այն պահից, երբ ՀՀ–ն ընդունել է մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։

Ռուստամյանը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։

«Եթե ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով կարող եք արդարացնել այն ձախողումները, որ դուք եք բերել այս երկրի գլխին, դուք չարաչար սխալվում եք»,–ասաց Ռուստամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցադրում արեց, թե ընտրվելուց հետո ինչու Փաշինյանը չի առաջնորդվել Ղարաբաղի ժողովրդի կամքի իրականացման պատասխանատվությամբ։

«Ի՞նչ կապ ունի` ով ինչ է ժամանակին արել, դուք եք դարձել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքն իրականացնել։ Այդ կամքի իրականացման խոստումը դուք եք տվել։ Դրանից հետո դուք եք հայտարարել, որ նույնիսկ չեք տեսնում տեսական հնարավորություն` Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե դուք այդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք։ Որ Արցախը թողնեք Ադրբեջանի կազմո՞ւմ»,– ասաց նա։

Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին,որ չեն ուզում լսեն Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։

Ի պատասխան Փաշինյանն էլ հայտարարեց. «Միշտ այ սենց փախնելու եք։ Ուշադրություն դարձրեք` հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, թողեցին փախան»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանրային հրաժարականի պահանջը։

1. Փաշինյանը, տապալելով Արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։

2. Նա խոստովանել է, որ կարող էր խուսափել պատերազմի ու զոհերից, բայց չի արել։

3. 2021-ի հունիսին խոստացել էր վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։

4. Իր նախընտրական ծրագրով խոստացել էր, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն` ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է և հիմա այլ ճանապարհով է գնում։

5. Խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերի թիվը։

6. Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը դժբախտ ելք ունեցավ` հղի հայ կնոջը վրաերթի ենթարկեցին։

«Ելնելով այս ամենից` Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»,–նշել է Սաղաթելյանը։

Դիտումների քանակը: 4248
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին