Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին:
Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։
STARMUS փառատոնի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահը նաև հանդիպել է մի շարք մասնակիցների հետ։
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կանարյան կղզիների Աստղագիտական ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսի հետ, քննարկել Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցության հնարավորությունները։
Եվս մեկ անգամ անդրադառնալով STARMUS -ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելու իր առաջարկ-հրավերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ դա մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, աշխարհի հայտնի երաժիշտների հանդիպման վայր:
Թողնել պատասխան