Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը:
Գագաթաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և քննարկվել փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին: Որոշում է կայացվել թողարկել 75-ամյակի հոբելյանական համատեղ շքանշան:
Անդրադառնալով 2020 թվականին նշվող Հաղթանակի 75-ամյակին` ՀՀ վարչապետը նշել է, որ Մայիսի 9-ը հավերժ կմնա անկոտրում քաջության և մեր ժողովուրդների միասնականության խորհրդանիշ, ովքեր թիկունք թիկունքի տված կռվել են ռազմաճակատում և անձնազոհաբար պայքարել հանուն ընդհանուր հաղթանակի՝ բերելով որոշիչ ավանդ նացիզմից աշխարհն ազատելու գործում:
«Հայ ազգն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հաղթանակի կերտման գործում: Բանակ զորակոչված հայերի կեսը չեն վերադարձել տուն այդ սարսափելի պատերազմից: Ավելի քան 70 հազար հայ զինծառայողներ պարգևատրվել են ռազմական պատվոգրերով և մեդալներով, նրանցից 100-ից ավելին արժանացել են Խորհրդային միության հերոսի կոչման: Այդ տոնը, ինչպես նաև ընկածների հիշատակը բոլորիս կոչ են անում Հաղթանակի 75-ամյակը նշել արժանվույն, համատեղ հակազդել պատմությունը վերախմբագրելու փորձերին, նացիզմի հերոսացման և նեոնացիզմի պրոպագանդացման դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Թողնել պատասխան