Ադրբեջանական կողմը փակել է Հակարի գետի կամուրջը

Հագարիի կամուրջ

Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից` նշելով, որ կամուրջը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցքում» [Բերձորի միջանցք]:

Այդ իսկ պատճառով Ստեփանակերտում հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որտեղ քննարկվելու են վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները։

«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ադրբեջանական բեռնատար էր պայթել, ինչի համար ադրբեջանական կողմը կրկին մեղադրել է Հայաստանին` նշելով, որ նշված տարածքում հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության հակատանկային և հակահետևակային ականներ։

Այդ հաղորդագրությունը ԱՀ ԱԳՆ-ն որակել է սադրիչ` նշելով, որ Շուշիի շրջանում թե իբր հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա է պայթել ադրբեջանական բանակի ռազմական բեռնատարը, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Դիտումների քանակը: 4156
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին