Ադրբեջանական ԶԼՄ-ները պահանջում են սառեցնել Ադրբեջանի մասնակցությունը ԵԽ-ին

ԵԽ ազ

Ադրբեջանցի մի խումբ լրագրողներ և ակտիվիստներ դիմել են Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմիններին` անհանգստություն հայտնելով մեդիայի մասին նոր օրենքի կիրառման բացասական հետևանքների առիթով։ Այդ մասին տեղեկացրել է Turan լրատվական գործակալությունը։

«Դեռևս մինչև օրենքի ընդունումը տեղի փորձագետների արտահայտած դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների (որը պաշտպանում է խոսքի և ԶԼՄ-ների ազատությունը) հետ դրա անհամատեղելիության մասին հաստատվել է 2022թ. հունիսին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հրապարակած եզրակացությունում։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ օրենքն ընդհանրապես չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին, և նման օրենքի կիրառումը Եվրոպայի խորհուրդ մտնող որեւէ երկրում անթույլատրելի է»,- նշել են դիմումի հեղինակները։

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իր բանաձեւում, որն ընդունվել է 2022թ. դեկտեմբերին, պահանջել է անհապաղ փոփոխություններ մտցնել օրենքում։

«Մենք խորապես ափսոսում ենք, որ դիրքորոշումներն ու կարծիքները, որոնք արտահայտվել են խոսքի և ԶԼՄ-ների ազատությանն սպառնացող օրենքի ռեակցիոն բովանդակության առումով, ուշադրության չեն առնվել։ Օրենքի կիրառումը լրագրությունը գործնականում դարձնում է գործունեության լիցենզավորվող տեսակ։ Այդպես ստեղծվում է ԶԼՄ-ների և լրագրողների միասնական պետական ռեեստր, թողարկվում են միասնական լրագրողական վկայականներ և միայն այդ պահանջներին համապատասխան է լեգալ ճանաչվում լրագրողական գործունեությունը։ Դա բացասաբար է անդրադառնում  անկախ ԶԼՄ-ների գործունեության և ազատ լրագրության վրա»,- նշվել է դիմումում։

Նման կանոնների իրականացումը Ադրբեջանին չի մոտեցնում եվրոպական ընտանիքին, որտեղ գերակշռում են հիմնական ազատությունները և իրավունքները, և նրան վերածում է երկրի, որտեղ խոսքի և ԶԼՄ-ների ազատության փխրուն մնացորդները գտնվում են սպառնալիքի տակ, ընդգծվել է դիմումի մեջ։

Հեղինակներն ափսոսանքով փաստում են Եվրոպայի խորհրդի անգործությունն անդամ երկրներում ազատությունների սահմանափակման փաստերի առումով։

«Դա ադրբեջանական հասարակությունում և ԶԼՄ-ներում ստեղծում է անվստահության մթնոլորտ այնպիսի ինստիտուտի գործունեության հանդեպ, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է։

Ադրբեջանը 180 երկրների շարքում 154-րդն է «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության ԶԼՄ-ների ազատության վարկանիշով։ Այդ օրենքի ընդունումն ու իրականացումն էլ ավելի կբարդացնի մեդիա-միջավայրն Ադրբեջանում և այն լուրջ խնդրի կվերածի լրագրողների համար։ Չնայած դրան՝ խոսքի ազատության և ինքնարտահայտման ճնշումն Ադրբեջանում շարունակել է ավելանալ, իսկ լրագրողները դեռևս գտնվում են բանտերում»,- հավելում են դիմումատուները։

«Մենք՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներս, որ ստորագրել ենք այս դիմումը, կոչ ենք անում հիշեցնել Ադրբեջանի կառավարությանը Եվրոպայի խորհրդի անդամի իր պարտավորությունների մասին, պահանջել նրանից փոխել մեդիայի մասին օրենքը՝ խոսքի և ԶԼՄ-ների ազատությանը հասցվելիք անբուժելի վերքերից խուսափելու համար, և օրակարգում դնել Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի մասնակցությունը սառեցնելը՝ մինչև այս խնդիրների լուծումը»,- նշվել է դիմումում, որը հասցեագրվել է ԵԽԽՎ-ին, նրա մոնիթորինգային կոմիտեին և Ադրբեջանի վերաբերյալ համազեկուցողներին, ԵՄ Մարդու իրավունքների հանձնակատարին։

Դիմումը ստորագրել են ավելի քան 60 լրագրողներ, մեդիա փորձագետներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ։

Դիտումների քանակը: 3857
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին