Արցախի խորհրդարանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ-ին և ՄԱԿ-ին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։ Այդ մասին հայտմում են ԱՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից։

ԱՀ ԱԺ–ի այսօրվա արտահերթ նիստը գումարվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին հայտարարություն անելու համար։

ԱՀ ԱԺ հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջին օրերի լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես` Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր Շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։

ԱՀ պատգամավորները հորդորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ–ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել` սանձելու այդ երկրի հանցավոր ոտնձգությունները։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։ Այսպիսով՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,– ասվում է հայտարարության մեջ։

Պատգամավորները վստահեցնում են` ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը։

Դիտումների քանակը: 4094
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին