Չեխիայում Փաշինյանը խոսել է խաղաղության պայմանագրի մասին

Չեխիա հհ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:

Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը Չեխիայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, և պատրաստ է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմին և 2021 թվականի մայիսին ու 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նախաձեռնած նոր լայնածավալ հարձակումներին Փաշինյանը նշել է, որ գրավվել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը։

Բացի այդ անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] խնդրին։

«Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն իրավաբանորեն սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է ծառայի որպես կապող օղակ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Սակայն, հիշյալ հայտարարության կոպիտ խախտմամբ, 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի շրջափակում է իրականացրել Լաչինի միջանցքում՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, չնայած 2023 թվականի փետրվարին ՄՔԴ-ի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշմանը, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ էլ ավելի սրելով իրավիճակը»,- հայտնել է Փաշինյանը` հավելելով, որ Ադրբեջանը ոչ միայն զրկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ տեղաշարժվելու իրավունքից, այլև անջատել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։

«Չնայած այս ամենին, այս իրավիճակի մեր ընկալումն առաջնորդվում է առաջին հերթին հետևյալ ժողովրդավարական նկատառումով. մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում մենք ամուր հիմքեր դրեցինք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։

Այդ հանդիպման հիմնական արդյունքն այն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն տարածքներով, որոնք ունեին երկու հանրապետությունները Խորհրդային Միությունից անկախանալու ժամանակ՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի, որը պետք է հիմք հանդիսանա հետագա սահմանազատման համար։ Այս փոխըմբռնումը վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որտեղ կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները պետք է լուծվեն միայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ հրաժարվելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից»,- հավելել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում առկա խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությանը, և Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Փաշինյանն ընդգծեց, որ չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Նա վստահեցրեց` Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել նշված բոլոր ոլորտներում հաջողության հասնելու ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3919
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին