Երևանում կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը․ Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։

Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։

Արարողակարգային ձեռքսեղմումից և տեսանկարահանումից հետո տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։

Նեղ կազմով նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքի և դրա շրջանակում քննարկումների վերաբերյալ, քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Այնուհետև կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Նիստում քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ֆինանսատնտեսական, մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացման, ԵԱՏՄ միջազգային համագործակցության խորացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Ի գիտություն է ընդունվել ԵԱՏՄ 2018 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, քննարկվել է Միության 2020 թ. բյուջեն։ Քննարկվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵԱՏՄ 2020 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, Միության անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցը, հաստատվել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Միության բյուջեում բաժնեմասերի վճարումները կատարելու մասով պարտքերի մարման կարգը, ԵԱՏՄ դատարան դիմելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը։ Նիստում ստորագրվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր՝ մասնավորապես, ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի կանոնակարգում, Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի 2014 թ. համապատասխան որոշման մեջ, ԵԱՏՄ՝ 2014 թ. մայիսի 29-ին պայմանագրում, ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այլն:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշում են ընդունել՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները․

 

Դիտումների քանակը: 4594
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին