Ես չեմ տեսնում Արայիկ Հարությունյանին գերագույն գլխավոր հրամանատար

Տիգրան Պետրոսյանի հետ մեր վերջին հանդիպումից հետո էական փոփոխություններ են տեղի ունեցել։

Դուք հիմա պատգամավորի թեկնածու եք և ընտրությունները կկայանան 3 օրից։

Դուք գո՞հ եք նրանից, թե ինչպես է ընթանում նախընտրական քարոզարշավը։

— Ընդհանուր առմամբ գոհ եմ։ Թեկնածուներն առժանապատվորեն են պահում իրենց,եթե հաշվի չառնենք մի քանի փոքր արարք։ Ինչ վերաբերվում է իշխանություններին, ապա նրանք իրենց տարերքի մեջ են՝ զանգահարում են տարբեր կազմակերպություններ և ասում, թե ում համար պետք է աշխատել։ Վերջերս ինձ լուրեր հասան, որ <<վերևից>> ոստիկաններին ասվել է, որ քվեարկեն համապատասխան թեկնածուի օգտին։ Բացի դրանից, ֆեյսբուքում ակնհայտ երևում է, թե իշխանությունից ովքեր ում են սատարում, ակտիվորեն կիսվում են գրառումներով և լուսանկարներով։ Այնպես որ, իշխանությունները չեն թաքցնում իրենց վերաբերմունքը և իհարկե օգտագործելու են իրենց ռեսուրսները, որպեսզի իրենց համար <<հարմար>> թեկնածուին սղցնեն։

Դուք Ձեզ համարու՞մ եք ընդդիմություն։

— Միանշանակ, և բանը նրանում չէ, որ ես հատուկ եմ ընտրել մյուս (ընդդիմադիր) կողմը, այլ այն, որ ես իրերն իրենց անուններով եմ կոչում և կամա թե ակամա հայտնվեցի բարիկադների մյուս կողմում։

Բայց այնուամենայնիվ, Ձեզ համար կարծում եմ գաղտնիք չէ, որ վերջին շրջանում լայն տարածում են գտել լուրերն այն մասին, որ Դուք ավելի շուտ ներկայացնում եք իշխանության ճամբարը։ Ավելին, ակտիվորեն քննարկվում է այն, որ Դուք իբր նախկին վարչապետի <<մարդն>> եք։ Չար լեզուները պնդում են, որ Արայիկ Հարությունյանը Ձեզ փոխանցելով Ղարաբաղ Տելեկոմի հետ պայմանագրի պատճեն՝ ապահովեց իրեն ժողովրդի խնդիրների մասին մտածող հերոս ներկայանալու հնարավորությամբ։ Ի՞նչ կասեիք այդ մարդկանց։

— Վայ, ինձ վերջին շրջանում բացի Արայիկ Հարությունյանի մարդը լինելուց, սկսել են Սամվել Բաբայանի մարդ անվանել, իսկ երեկ, ընտրողների հետ հանդիպման ժամանակ մի կին ասաց, որ նա գիտի, որ ես Խանումյանի մարդն եմ։ Ուրեմն այսպես, Արայիկ Հարությունյանի հաշվով, գաղտնիք չէ, որ նա ձգտում է դառնալ նախագահ 2020 թվին։ Այն, ինչ շրջանառվում է ժողովրդի մեջ նրա հասցեին կոռուպցիայի հետ կապված՝ իմ իրավասություններից դուրս է, և դրա մասին չեմ խոսի, միայն մի բան կասեմ՝ ես չեմ տեսնում Արայիկ Հարությունյանին գերագույն գլխավոր հրամանատար, և ընդհանրապես որևէ մեկին ներկա իշխանությունից; ՂՏ պայմանագրի վերաբերյալ՝ նա վստահեցնում էր, որ այն ստորագրվել էր իրենցից առաջ և հիմա հնարավոր չէ որևէ բան փոխել, իսկ մենք պահանջում էինք պայմանագիրը՝ ծանոթ պրոֆեսիոնալ փաստաբաններին ցույց տալու համար։ Եվ սպառնացինք, որ չներկայացնելու դեպքում ժողովրդին ցույցերի կհանենք։ Ահա այսպիսի վերջնագրային տոնով էր ընթանում խոսակցությունը և պայմանագիրը հայտնվեց մեզ մոտ։ Տարօրինակ է, որ ժողովուրդը չի պատկերացնում, որ մարդը կարող է լիովին անկախ լինել։ Արցախում մեծամասնությունը դա չի պատկերացնում, ափսոս…

Ինչու՞ արցախցին պետք է ընտրի Ձեզ:

— Ես ոչ մեկին չեմ ստիպում քվեարկել իմ օգտին։ Քարոզչության ընթացքում ես ոչ մեկին չեմ զանգել, չեմ հանդիպել, որպեսզի խնդրեմ իմ օգտին քվեարկեն։ Հանդիպումների ընթացքում ես իմ կարծիքն եմ արտահայտում Արցախում տիրող իրավիճակի մասին, և մասնավորապես խորհրդարանում։ Արտահայտում եմ տարբեր հարցերի լուծման իմ տեսակետը և պատասխանում քաղաքացիների հարցերին։ Վերջում ես բոլորին հորդորում եմ գնալ ընտրության և կատարել իրենց սեփական ընտրությունը։

Ի՞նչ կտա Արցախին Ձեր մուտքը խորհրդարան։

— Հարցը պաթետիկ է հնչում։ Կպատասխանեմ համեստորեն՝ իմ հաղթանակը կլինի ևս մեկ քայլ դեպի ժողովրդավարություն։

Դուք կարո՞ղ եք ասել, որ պայքարը հավասար է և եթե ոչ, ապա ինչու՞

— Միանշանակ, պայքարն անհավասար է։ Անուններ չեմ տա, բայց եթե իշխանությունն օգտագործում է ադմինիստրատիվ ռեսուրսը ի օգուտ որևէ թեկնածուի, ապա ի՞նչ հավասարության մասին է խոսքը…

Դիտումների քանակը: 6269
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan