Գրիգորյան Ալյոնա. <<Ատում եմ պատերազմի գույները>>

Григорян Алена Эриковна - Գրիգորյան Ալյոնա Էրիկի

Պատգամավորության թեկնածու Ալյոնա Գրիգորյանի տված հարցազրույցը arcakh24.info կայքին

Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ

Ելնելով մեր իրականությունից, կարծես թե բնական է հնչում հարցի էությունը, չնայած, եթե խորքային նայել, բնականին մոտ չէ:
Իմ կարծիքով դա մարդու մի տեսակ է, որը տարիների ընթացքում աճում է, հասնում մի մակարդակի և հանրությանը ներկայանում իր գաղափարախոսությամբ կամ քաղաքական համոզմունքներով, որը կարող է լինել ընկերվար,  լիբերալ, կենտրոնամետ կամ ձախակողմյան:
Անկեղծ լինելու համար պետք է ասել, որ ես քաղաքականությամբ զբաղվելու համար հատուկ որոշում չեմ կայացրել, որ ասեմ, այ այս երևույթից հետո ես մտա քաղաքականության մեջ: Ինձ ճանաչողները, սկսած դպրոցական տարիներից, կհաստատեն, որ ես պարզապես պայքարող տեսակ եմ եղել անարդար երևույթների դեմ և ունեցել եմ խնդրին լուծում տալու իմ տեսակետը:

Ինչպե՞ս որոշեցիք ՀՅԴ կուսակցության անդամ դառնալ

ՀՅԴ-ին անդամագրվելը իմ կյանքի կարևորագույն որոշումներից էր: Ինչպես վերևում նշեցի, մարդ հասկանալով իր տեսակի էությունը ինքն է գիտակցում քաղաքական ինչ հայացքների տեր է: Լինելով կոլեկտիվ մտածողության կողմնակից և ընկերվարական հայացքների տեր, նաև մասնագիտությամբ լինելով պատմաբան և ուսումնասիրելով քաղաքական մի ուժի ծրագիրն ու կանոնագիրը և երկար տարիներով անդամակցելով այդ ուժի երիտասարդական թևին, տրամաբանական շարունակությունը եղավ այն, որ 2007թ. ես անդամակցեցի ՀՅԴ շարքերին:

Ինչպե՞ս եք համատեղելու ընտանիքն ու աշխատանքը և ինչպե՞ս է Ձեր ամուսինը վերաբերվում Ձեր առաջադրմանը

Ընտանիքն ու աշխատանքը իրար պետք է ոչ թե փոխարինել, այլ լրացնել: Նույն հաջողությամբ կարելի է ասել, ինչպես կարելի է առանց աշխատանքի ընտանիք պահել: Պատգամավոր լինելը, այո, ծառայություն է ժողովրդին, և միաժամանակ աշխատանք, որին ինչպես ցանկացած աշխատող պատասխանատվությամբ է մոտենում իր առջև դրված խնդիրներին, նույնն է նաև այս պարագայում: Ես 7 տարուց ավել է, որ աշխատում եմ խորհրդարանում և ճանաչելով բոլոր պատգամավորներին բոլորն էլ ընտանիք ունեն:
Եթե զինվորական կնոջ համար աշխատանքը նույնչափ ծառայություն է և մի բան էլ դեռ ավելին և հասցնում է նաև լինել լավ մայր, լավ տան տիկին, ապա այս պարագայում նույնն է: Ով է որոշել, որ կանայք չպետք է խառնվեն պետականակերտման աշխատանքներին: Կան կարծրատիպեր, որ պետք է կոտրել, որը մի տեսակ սկսել է խանգարել մեր երկրի զարգացման գործընթացին:
Ամուսինս պատագամավոր դառնալով չէ, որ պետք է մտածեր իր կատարած ընտրության համար: Հայկական ընտանիքներին բնորոշ ձևով կարևոր հարցերը մենք միշտ քննարկում ենք միասին և որոշումներն էլ կայացնում միասին: Այդ հարցին էլ մոտեցանք նույն ձևով և ինչպես ես եմ միշտ լինում իմ ամուսնու կողքին, նույնն էլ իմ պարագայում՝ նա միշտ իմ կողքին է` իմ մեծագույն ու ամենաապահով հենարանը: Գուցե որպես երիտասարդ կին առաջինն եմ, որ պատգամավորի համար թեկնածություն եմ դրել, բայց Արցախյան շարժման օրերին մենք քաջ ու սկզբունքային կանայք շատ ենք ունեցել: Իմ կատարած քայլը շատ փոքր խիզախություն պահանջեց: Այստեղ ավելի շատ գործին նվիրվելու և ժողովրդին ծառայելու կամային հատկանիշներ են պետք:

Գրիգորյան Ալյոնա Էրիկի

Գրիգորյան Ալյոնա Էրիկի

Ինչու՞ Արցախցին պետք է ընտրի Ձեզ

Դժբախտաբար արցախահայությունը դեռ քաղաքացիական հասունություն ձեռք չի բերել և մեր պայքարը հենց այստեղ է, որ կարողանանք քաղաքացիական գիտակցությունը բարձրացնել: Մեր իրականության մեջ արցախահայության շատ ստվար զանգվածն է, որ ընտրություններին մասնակցում է տվյալ քաղաքական ուժին կամ անձի քաղաքական ուղեգիծը ուսումնասիրելով:
Այստեղ պետք է կարևորել մի հանգամանք, ինձ չէ որ ընտրում է արցախցին, իմ անձի տակ մի ամբողջ քաղաքական կառույց է, որը ունի 130 տարվա հայ ազգին ծառայելու փորձառություն, մի կառույց, որը իր հիմնադրման օրից Արցախի պատմության հերոսական էջերում ունի իր համեստ ներդրումը և ամենակարևորն Արցախի պետականակերտման պատմության մեջ իր նշանակալի դերը: Եվ խորհրդարանը Արցախի Հանրապետության ճանաչման և զարգացման ճանապարհին մեծ անելիքներ ունեցող մարմին է և որում ՀՅԴ ասելիք և անելիք շատ ունի և ինձ ընտրելով արցախցին համալրելու է ազգային քաղաքական միակ ուժին:
Իսկ թե ում են ընտրելու իմ հայրենակիցները և ինչ սկզբունքներից ելնելով, թողնում եմ նրանց դատին ու ցանկանում՝ ում էլ որ ընտրեն, երբեք չափսոսեն իրենց ընտրության համար:

Դուք գիտե՞ք ինչ պիտի անեք, եթե Աստված մի արասցե, պատերազմ սկսվի

Ես ծնվել ու մեծացել եմ մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ պատերազմ էր: Եվ իմ ընտանիքում առ այսօր դրվածքը այնպես է, որ ամեն րոպե պետք է պատրաստ լինել, եթե Աստված մի արասցե պատերազմ սկսվի: Պատերազմին պատրաստ մարդը խուճապի երբեք չի մատնվում:
Ատում եմ պատերազմի գույները, այն իմ կյանքում, ինչպես ցանկացած արցախցու կյանքում թողել է իր վատ հետքերը, որը անկարելի է մաքրել, ավելին, ապրիլյան պատերազմի օրերին ավելի են թարմացվել ու ավելի պարտադրել զգոն ապրելուն:

Ինչպե՞ս եք գնահատում երկրի ներկայիս իրավիճակը և ի՞նչ կտա Արցախին Ձեր գալը խորհրդարան

Երկրի կառավարման առումով մենք գտնվում ենք անցումային փուլում և պետք է ամեն ինչ անել, որ անցումը տեղի ունենա սահուն ու առանց ցնցումների և ընտրվի կառավարման ժողովրդավար մոդելը, ոչ թե խոսքով այլ՝ գործով:
Այսօր մեր ժողովուրդը ոչ թե վատ կյանքից է դժգոհում, այլ վատ վերաբերմունքից: Խաթարված են ժողովրդավարական կառավարման մի շարք գործոններ: Համակարգված աշխատանքի դեպքում կկարողանանք վերականգնել ժողովրդի վստահությունը: Իշանություններն էլ կարողանալու են ճիշտ ու արդյունավետ աշխատել, եթե թիկունքում ունենան իրենց նկատմամբ հավատով լցված ժողովուրդ:
Որպես երիտասարդ քաղաքական գործիչ և ունենալով քաղաքական ամուր հենարան, կարծում եմ կկարողանամ մասնակիցը լինել մեր երազած հայրենիքի կերտմանը: Եվ խորհրդարանին երիտասարդ շունչ հաղորդելու գիտակցմամբ կատարում եմ առաջին քայլս:

Դիտումների քանակը: 5847
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan