Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ, բայց և ընդգծել է, որ հունիսի 24-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ այդ հարցը քննարկվել է, ինչից հետո 15 հայ գերիներ վերադարձան հայրենիք։
Իր հերթին Պուտինը շնորհավորել է Փաշինյանին նշելով, որ ընտրությունները ցույց տվեցին, որ վերջինս ունի ժողովրդի վստահությունը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ, արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի և հայ ժողովրդի համար», — ասել է Պուտինը։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի, որ առաջ եկած բարդ, սուր և զգայուն հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովման դեպքում:
Հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված Փաշինյանը նշեց, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակն Արցախում կայուն է։
«Սակայն ժամանակ առ ժամանակ ինչ–ինչ անհանգստանալու «առիթներ» են լինում։ Սակայն իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանկան սահմանին, այստեղ ևս վերջին 2 ամիսներին անհանգիստ է իրավիճակը»,–հավելել է Փաշինյանը։
Այսպիսով, կողմերի քննարկման օրակարգում ընդգրկված հայ-ռուսական ռազմավարական հարցերից բացի, կքննարկվեն նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։
Թողնել պատասխան