Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադառնում է Աղվանոյին, Բերձորին և Արցախի Հանրապետությանը

ադրբեջան

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է անում բոլոր միջազգային և պետական ​​մարմիններին վերահսկել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան գաղափարախոսությունը և գործելակերպը, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված իրենց ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և հայկական Սփյուռքում։ Այդ մասին ինստիտուտի պաշտոնական կայքեջում՝ lemkininstitute.com,  հրապարակվել է հոդված։

«Վերջերս ադրբեջանական սոցցանցերում, մասնավորապես տելեգրամյան ալիքներում, տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը մոտակա հայկական գերեզմանոցից փորված հայկական գանգը կապում զինվորական բեռնատարի հետևի մասում, իսկ ծառայակիցներն ուրախանում են:

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադառնում է Աղվանոյին, Բերձորին և Արցախի Հանրապետությանը

Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին` ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ), այնպես էլ Հայաստանում: Գերեզմանների և այլ թաղման վայրերի պղծումը ցեղասպանության մեջ սովորաբար դիտվող վայրագություն է, քանի որ այն ձգտում է թիրախավորել, նվաստացնել, ոչնչացնել ինքնությունը և ժխտել թիրախային խմբի արժանապատվությունը նույնիսկ մահից հետո»,- նշված է հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կողմից անդրադարձ է կատարվել Բերձորի շրջանում կատարվող իրադարձություններին։ Հրապարակված հոդվածում մասնավորապես նշվում է․

«Ցեղասպանության վայրագության վտանգը հատկապես զգալի է հիմա, երբ հայտնի է դարձել հայաբնակ Աղվանո և Բերձոր բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի շարունակական փաստագրված խախտումների մասին։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանցի զինվորները զանգվածաբար կենդանիներ են մորթում և նրանց օրգանները լցնում շրջանի հայ գյուղացիների կողմից օգտագործվող աղբյուրներում՝ թունավորելով այն։ Թաթոյանը նաև հայտնել է, որ ադրբեջանցի զինվորները կրակում են դաշտերում աշխատող հայ ֆերմերների ուղղությամբ, ինչը վտանգում է ինչպես գյուղացիների կյանքը, այնպես էլ Աղվանոյի և Բերձորի գյուղացիների սննդի կարևոր աղբյուրը»,- հղում կատարելով Արման Թաթոյանին հայտնում են ինստիտուտից։

Անդրադարձ կատարելով 2020 թվականի Արցախի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանցի զինվորների պահվածքին Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մատնանշում է գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակիչների մասնակցությամբ խոշտանգումները, սպանությունները և գլխատման տեսանյութերը փաստելով, որ դրանք սովորական էին ադրբեջանական զիվորականների համար, ինչպես նաև մատնանշում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմաթիվ հայտարարությունները, որտեղ վերջինս հնչեցնում է իբրև թե Երևանը (Հայաստանի մայրաքաղաքը) Ադրբեջանական «պատմական հող» է ավելի լայն ցեղասպանական համատեքստ է ապահովում ադրբեջանական ներկայիս վայրագությունների համար:

«Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական ներքին գաղափարական մշակույթը և ցեղասպանական գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից:

Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային և պետական ​​մարմիններին վերահսկել Թուրքիային և Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության և գործելակերպի համար, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում»,- հավելում է աղբյուրը։

Դիտումների քանակը: 4403
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին