Ներողություն խնդրելն անփոխարինելի քայլ է դեպի ապագա. Թուրքիայի ԺԴԿ

Թուրքիա ԺԴԿ

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ սգում և հարգում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհերի հիշատակը։ Այդ մասին կուսակցության պաշտոնական էջից հաղորդագրություն է տարածվել։

«Պատմական ճշմարտություններին բախվելը, տուժող ժողովուրդներից ներողություն խնդրելը, արդարության դիմելը, միմյանց հասկանալը և պատմական վերքերն անկեղծ մոտեցմամբ բուժելն անփոխարինելի քայլեր են դեպի ապագա։

108 տարի է անցել մեծ աղետից (Մեծ Եղեռն), ինչը հայերի դեմ իրականացված էթնիկ և կրոնական ցեղասպանություն էր, որը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահանալու։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու սպանություններով։ Մեր տարածաշրջանի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես նման գործելաոճի զոհ են դարձել»,– ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայում նպատակ է դրվում ստիպել մարդկանց մոռանալ, որ այդ հողերում ապրում են տարբեր ժողովուրդներ, կան տարբեր կրոններ: Այն փաստը, որ այս հողերում ոչ մի էթնիկ ինքնություն, ոչ մի լեզու, ոչ մի մշակույթ կամ կրոն չի գերազանցում մյուսներին, դեռ ճանաչված չէ: Ասվում է նաև, որ մարդկության դեմ հանցագործություններին հակազդելը կարևոր քայլ է ընդհանուր և իրավահավասար ապագայի և սոցիալական խաղաղության հաստատման ճանապարհին:

Կուսակցությունից շեշտում են, որ չափազանց կարևոր է խաղաղ ապրել այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի հետ: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ի շահ ժողովուրդների զարգացնել դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունները Հայաստանի հետ։

Դիտումների քանակը: 3744
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին