Որպես բարի կամքի դրսևորում Հայաստանն ադրբեջանցի զինծառայողին կհանձնի. ՀՀ ԱԱԾ

Որպես բարի կամքի դրսևորում՝ որոշում է կայացվել վերադարձնել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նշվում էր՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով։ Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։

Հիշեցնենք` փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը։ Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Դիտումների քանակը: 3720
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին