Աղավնոյում հավաքագրվել են փաստեր, որ ադրբեջանական զինծառայողները կենդանիներ (նաև խոշոր եղջերավոր) են մորթում ու ոչ պետքական օրգանները կամ սատկած կենդանիների օրգանները գցում այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Այդ մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այդ պատճառով ջրում հայտնվում էին առնետներ, ինչի հետևանքով էլ ջրից զանգվածային թունավորման դեպքեր էին արձանագրվել, այդ թվում՝ թունավորվել էին երեխաներ ու տարեցներ:
«Մարդկանց տներն ադրբեջանական ամբողջական դիտարկման ներքո էին: Երբ գյուղատնտեսական աշխատանքների համար մարդիկ փորձում էին մոտենալ իրենց հողատարածքներին (անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա), ադրբեջանական զինված ուժերն կրակում էին: Մարդիկ հնարավորություն չունեին վաստակելու ընտանիքի եկամուտը:
Ադրբեջանական իշխանությունները վարել ու հիմա էլ վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Ադրբեջանական հանցավոր արարքները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:
Բա ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ու այսքան ժամանակ ի՞նչ է Հայաստանն արել այս փաստերն օգտագործելու, միջազգային մեխանիզմներ աշխատեցնելու համար», — հայտարարում է Թաթոյանը:
Նա կոչ է անում ՀՀ իշխանություններն «Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումներ» եզրույթից բացի կատարեն հստակ հիմնավորումներ, կապեն դա ցեղասպան քաղաքականության ու ինքնորոշման իրավունքի հետ և զերծ մնան «ընդհանուր ձևակերպումներից»՝ դրանով իսկ խուսափելով Ադրբեջանի համար բաենպաստ պայմանների ստեղծումից և նրանց դիրքերի ամրապնդումից է։
«Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է:
Այս քայլը լրջագույն վտանգի տակ է դնում Հայաստանը, մասնավորապես` Սյունիքը, հատկապես այն ֆոնին, որ ՀՀ իշխանությունները, վախենալով իրենց նկատմամբ քաղաքական դժգոհությունից և սեփական պաշտոնները կորցնելուց (սա իրենց մղձավանջն է, և պաշտոններն ավելին են, քան երկրի անվտանգությունը), թաքցնում կամ արդարացնում են ադրբեջանական հանցավոր արարքները:
Առանց այն էլ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին անհնարինության է վերածել մարդկանց կյանքը:
Այսպիսի մանդատ Հայաստանի իշխանությունները ՀՀ քաղաքացիներից չեն ստացել», — հավելել է Թաթոյանը:
Թողնել պատասխան